Հունվարի 25-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի 10-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն, որին ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը։
Համերգին հնչեցին Ալեքսանդր Հարությունյանի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Արամ Խաչատրյանի, Քշիշտոֆ Պենդերեցկու, Սերգեյ Ռախմանինովի, Պյոտր Չայկովսկու, Ռոդիոն Շչեդրինի, Աստոր Պիացոլլայի, Նիկոլա Պիովանիի ստեղծագործությունները։ Որպես մենակատարներ հանդես եկան ջութակահարներ Յուկա Ցուբոյը, Հայկ Կազազյանը, թավջութակահարներ Աստրիգ Սիրանոսյանը, Նարեկ Հախնազարյանը, դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին, ակորդեոնահար/բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին։ Համերգը ղեկավարում էին դիրիժորներ Քշիշտոֆ Պենդերեցկին և Սերգեյ Սմբատյանը։
Լեփ-լեցուն դահլիճում փառահեղ համերգը լի էր շնորհավորանքներով, նվագախմբի անցած ճանապարհի գնահատանքով, հայ մշակույթում նրա ունեցած դերի շեշտադրումներով և բարեմաղթանքներով։
Դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին իր խոսքում նշեց, որ իր համար Հայաստանը Սերգեյ Սմբատյանն է, մարդ, որ հավատարիմ է ազգային ավանդույթներին։ «Տաղանդ, աշխատասիրություն, ազնվություն՝ այս ամենը խտացված է նրա կերպարի մեջ,- ասում է Ռոմանովսկին՝ հավելելով, որ իր համար կարևոր է Երիտասարդական նվագախմբի մշտական ձգտումը՝ անել ինչ-որ մեծ, հրաշալի բան՝ միաժամանակ պահպանելով այն հոգևոր արժեքները, որ ստեղծել է իր երկիրը։- Սա է այս նվագախմբի աներևակայելի հաջողության գաղտնիքը»։
Թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, որ չնայած զբաղված լինելուն՝ ընդամենը մեկ օրով եկել էր Հայաստան՝ շնորհավորելու Երիտասարդական նվագախմբի հոբելյանը, ընդգծեց, որ Երիտասարդականն այն հազվագյուտ կոլեկտիվներից է, որտեղ մեկտեղվում են շատ բարձր կատարողական արվեստը և ջերմ մթնոլորտը. «Ամեն անգամ հաճույք է աշխատել այս նվագախմբի հետ, մանավանդ երբ տեսնում եմ իմ հասակակիցների վառվռուն աչքերը»։
Իտալացի բանդոնեոնահար/ակորդիոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին նշում է, որ ամեն անգամ հաճույքով է այցելում Հայաստան։ «Չեմ կարող մոռանալ իմ առաջին այցելությունը. այստեղ եկա Տոնինո Գուերայի հետ և ամեն անգամ մեծագույն հաճույք եմ ապրում այս նվագախմբի հետ աշխատելիս։ Սա երիտասարդական նվագախումբ չէ։ Սա արդեն հասուն կոլեկտիվ է՝ իր ֆանտաստիկ դիրիժորով»։
Երիտասարդական նվագախմբի գլխավոր գործընկեր ՎիվաՍելլ-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նվագախումբն իր աշխատանքը սկսել է զրոյից՝ տարիների ընթացքում ապացուցելով իր կարողությունը, բարձունքների հասնելու, մեծ բեմերին արվեստը ներկայացնելու ընդունակությունը. «Մեծ ուրախությամբ, ոգևորությամբ ու հպարտությամբ մենք իրենց հետևեցինք։ Նվագախումբն իրեն լիովին արդարացրել է։ Մեր ցանկությունն է, որ կոլեկտիվն այսպես շարունակի»։
Համերգին անակնկալով հանդես եկան մաեստրո Հովհաննես Չեքիջյանը և նրա ղեկավարած Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը՝ դահլիճի թատերահարթակից անակնկալ կատարելով “Happy Birthday”-ը։
Նշենք, որ նվագախմբի մի շարք անդամներ պարգևատրվեցին ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով։
Իսկ հոբելյանական երեկոյի ավարտին հայտարարվեց, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչում։
Մաեստրո Սմբատյանը, իր երախտագիրությունը հայտնելով Նախագահին՝ բարձր կոչման արժանացնելու համար, նշեց. «Համատեղ ուժերով ենք հասել նրան, ինչ այսօր ունենք։ Ունենք շատ լավ պատմություն, ձեռքբերումներ, և այս համերգը դրա ապացույցն է։ Շնորհակալ ենք պետությանը, որը միշտ սատարում է մեր գաղափարներին, հավատում է մեզ առաջ տանող գաղափարին։ Դա ամենակարևորն է։ Երաժշտի կյանքում կան լեգենդներ, ու մեզ համար շատ կարևոր է, որ մեր հոբելյանին ժամանել է մաեստրո Պենդերեցկին։ Երաժշտությամբ մենք կարողացել ենք ստեղծել այն մթնոլորտը, որը մեզ համար թանկ է։ Ես շնորհակալություն եմ հայտնում նվագախմբի բոլոր երաժիշտներին առանձին-առանձին։ Շնորհակալություն, որ ինձ դիմանում եք արդեն 10 տարի։ Դժվար աշխատանք է, բոլորիդ շատ սիրում եմ, մենք մի ընտանիք, մի թիմ ենք։ Եվ այն գաղափարը, որ մեզ ժամանակին միավորեց, ավելի ուժեղացրեց մեզ տարիների ընթացքում։ Մենք փոխեցինք մարդկանց վերաբերմունքն իրականության նկատմամբ։ Մեր երազանքը մեզ բերել է այստեղ, ու մենք շարունակելու ենք երազել։ Չէ՞ որ մենք պայքարող, հաղթող, անկախ Հայաստանի ծնունդն ենք»,- ասաց Սերգեյ Սմբատյանը։